Ադելֆի թատրոն

Թատրոն Ադելֆի (երբեմն` Ադելֆի թատրոն, անգլ.՝ Adelphi Theatre), թատրոն Վեսթ-Էնդում, գտնվում է Լոնդոնի պատմական արևմտյան մասի Վեստմինստեր թաղամասի Սթրենդ փողոցում։ Հիմնադրման ժամանակ մասնագիտացած էր կատակերգական և երաժշտական ժանրերում։ Այժմ թատրոնում բեմադրվում են այլ հայտնի ժանրերով ներկայացումներ ևս, ներառյալ` մյուզիքլներ։ 1987 թվականի դեկտեմբերի 1-ին թատրոն Ադելֆին ներառվել է Բրիտանիայի` պատմական արժեք ունեցող շենքերի ցանկում։

Հիմնադրում

Թատրոնը հիմնադրվել է 1806 թվականին Ջոն Սքոթ անունով գործարարի կողմից, նրա աղջկա` Ջեյնի (1770-1839) ակտիվ մասնակցությամբ։ Ջեյն Սքոթը կատարել է թատրոնի ղեկավարի, դերասանուհու ու դրամատուրգի գործառույթները։ Հոր հետ նրանք հավաքել են թատերախումբ, և 1809 թվականին թատրոնն իրավունք է ստացել իշխանությունից երաժշտական համարներ, մնջախաղ ու կատակերգական օպերաներ բեմադրել։ Ինքը` Ջեյն Սքոթը, գրել է ավելի քան 50 թատերական ստեղծագործություններ մելոդրամայի, մնջախաղի, ֆարսի, կատակերգական օպերետի, պատմական դրամայի ժանրերով, ինչպես նաև` այլ լեզուներից պիեսներ է թարգմանել։

19֊րդ դար

1819 թվականին Ջեյն Սքոթը հեռացել է աշխատանքից և ամուսնացել ոմն Ջոն Դեյվիս Միդլթոնի (1790-1867) հետ, մեկնել է Սուրեյ կոմսություն։ Թատրոնը փակվում է, սակայն արդեն մի քանի ամիս անց, 1819 թվականի հոկտեմբերի 18-ին այն բացվում է նոր` Ադելֆի, անվանումով։ Անվանումը գալիս էր Ադելֆի տների ճարտարապետական անսամբլի անունից (անգլ.՝ Adelphi Buildings): Շինությունների այդ համալիրը գտնվում էր թատրոնի շենքի դիմացը։ Ճարտարապետական համալիրն իր հերթին անվանումն ստացել էր «Ադելֆի» (հուն․՝ ἀδελφοί , եղբայրներ բառից) ճարտարապետական ընկերությունից, որի սեփականատերերն Ադամ եղբայրներն էին[2](ռուս.): Գոյության առաջին տարիներին թատրոնը հայտնի էր իր մելոդրամաներով և կոչվում էր Adelphi Screamers (Ադելֆի ճչացողներ)։ Թատրոնում բեմադրվում էին Չարլզ Դիքենսի վաղ տարիների շատ ստեղծագործություններ, այդ թվում` նրա հայտնի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» ստեղծագործությունը։ 1821-23 թվականներին թատրոնի բեմում ցուցադրվում է Պիրս Իգանի «Թոմ և Ջերի կամ կյանքը Լոնդոնում», որտեղ մի քանի դերեր խաղում էին իսկական աղքատներ, ինչպես, օրինակ, Բիլի Ութերսը։ 1844 թվականին թատրոնի ղեկավարությունն իրենց ձեռքն են վերցնում տիկին Սելեստան և դրամատուրգ Բենջամին Ուէբսթերը։ Թատրոնում շարունակվում են բեմադրվել դրամատիկական ներկայացումներ, բեմադրվում են Չարլզ Դիքենսի ստեղծագործությունները։ Որոշ ժամանակ անց թատրոնի հին շենքը քանդվում է, և 1858 թվականի դեկտեմբերի 28-ին հանդիսավոր կերպով բացվում է Ադելֆի թատրոնի նոր շենքը։ Ժամանակակիցները նշել են, որ թատրոնի շենքը նախկինի հետ համեմատած ավելի ընդարձակ է, քանի որ այն այժմ տեղավորում էր 1500 նստատեղ և կանգնելու հավելյալ 500 տեղ, իսկ թատրոնի ներսը լուսավորում էին այդ ժամանակվա համար գերժամանակակից գազային լուսամփոփներ` հախճապակե ջահերի մեջ։ 19-րդ դարի կեսերին թատերական պրոդյուսեր ու կատակերգակ դերասան Ջոն Լոուրենս Տուլին վերջնականորեն հաստատում է կոմեդիայի թատրոնի կարգավիճակի Ադելիֆի թատրոնի համար։ Հենց այդ ժամանակ թատրոնում բեմադրվում են մի շարք հայտնի ֆրանսիական օպերետներ, միևնույն ժամանակ Ադելֆի թատրոնն ուշադրություն է դարձնում նաև բրիտանական հեղինակերին։ Այսպես, օրինակ, բրիտանացի կոմպոզիտոր Արթուր Սալիվանը հայտնի է դարձել հանրության լայն շրջանակներին հենց Ադելֆի թատրոնում բեմադրված օպերետի շնորհիվ, որ բեմադրվել է իր երաժշտության հիման վրա։ Թատրոնում բեմադրվել են նաև Ջոն Բոլդուին Բաքսթոնի պիեսները, ով ուղղակի մասնակցություն էր ունենում ներկայացումներին։

1881 թվականի դեկտեմբերի 17-ին Ադելֆի թատրոնում մերժվում է գրող Օսկար Ուայլդի առաջին և քիչ հայտնի «Վերա կամ նիհիլիստներ» պիեսը։ Պիեսը մերժվում է քաղաքական պատճառներով, քանի որ գլխավոր հերոսուհու կերպարի նախատիպն էր ռուս ահաբեկիչ և հեղափոխական Վերա Զասուլիչը։ Պիեսի սյուժեն չափազանց միամիտ է. ահաբեկիչ-գեղեցկուհին, բռնակալներին ու արյունարբուներին վրեժխնդիր լինելու խոստում տալով, իր համար անսպասելիորեն սիրահարվում է ռուսական գահի ժառանգ Ալեքսեյին, որը գաղտնի համագործակցում էր հեղափոխականների հետ։ Սակայն հեղափոխականն անիծում է իրեն «բռնակալի» հանդեպ սիրո համար և իրեն հեղափոխության գործին դավաճան է համարում։ Չտանելով նման տանջանքներ` հերոսուհին խոցում է իրեն թունավորած դաշույնով ու պատասխանելով թագաժառանգի` «Վերա, այս ի՞նչ արեցրիր» հարցին, ասում է` «Ես փրկում էի Ռուսաստանը»[3]։

Ադելֆին հայտնի է թատրոնի գլխավոր դերասան Ուիլյամ Տերիսի ուրվականով։ Հաջողակ և հայտնի լինելով` Տերիսը նախանձ էր առաջացնում չհաջողված դերասան Ռիչարդ Արչեր Պրինսի մոտ։ 1897 թվականին Պրինսը դանակահարել է Տերիսին թատրոնի մուտքի մոտ, աստիճանների վրա։ Այդ ժամանակից ի վեր թատրոնի դերասանները խոսում են Տերիսի ուրվականի լեգենդի մասին, ով իբր թե գալիս է իր գրիմի սենյակ, որտեղից ցածր թակոց է լսվում ու լույս է երևում։ Լեգենդ կա նաև այն մասին, թե Տերիսի ուրվականը հայտնվում է մետրոյի մոտակա պլատֆորմում[4]։ Հետագայում Տերիսի աղջիկը, հայտնի դերասանուհի Էլելայն Տերիսը (անգլ.՝ Ellaline Terriss) և նրա ամուսինը` դերասան Սեյմուր Հիքսը որոշ ժամանակ ղեկավարում էին Ադելսի թատրոնը։

20֊րդ դար

1901 թվականի սեպտեմբերի 11-ին թատրոնը վերանորոգումից հետո բացվել է Դարի թատրոն (Century Theatre) բարձր անունով։ Սակայն այս անվանումը երկար չի մնացել, և 1904 թվականին թատրոնը վերադարձել է իր նախկին, լոնդոնյան թատրոնների համար սովորական անվանը։ Այսօրվա Ադելֆի թատրոնը բացվել է իր ողջ պատմության ընթացքում չորրորդ վերանորոգոմից հետո, 1930 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նոր շենքը ձևավորվել էր ար-դեկո ոճով, ճարտարապետ Էրնեստ Շտաուֆենբերգի կողմից։ Թատրոնն սկսել է կոչվել Արքայական Ադելֆի թատրոն (Royal Adelphi Theatre): 1968 թվականին թատրոնը քանդման վտանգի առաջ էր կանգնած, քանի որ Լոնդոնի իշխանությունները Քովենթ-Գարդըն թաղամասում վերակառուցման լայնածավալ նախագծեր ունեին։ Սակայն հանրության ուժեղ ճնշումների արդյունքում այդ նախագծերը կյանքի չեն կոչվել։

1993 թվականին թատրոնը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուէբերը։ Դրանից հետո թատրոնում ամբողջական վերակառուցում է սկսվել։ 1998 թվականին Ադելֆի թատրոնն առաջին անգամ նկարահանել է Լլոյդ Ուէբերի «Կատուներ» մյուզիքլի վիդեո տարբերակը, որը զարմանալիորեն փոխանցում էր ցուցադրության մթնոլորտը։

21֊րդ դար

1997-2006 թվականներին Ադելֆի թատրոնի խաղացանկում էր «Չիկագո» մյուզիքլի բրիտանական տարբերակը։

Copyright