Բնավորության դերասան

Բնավորության դերասան (խարակտերային դերասան) (ֆր.՝ caractère, հուն․՝ χαρακτήρ՝ դրոշմ, հետք, յուրահատկություն, բնույթ[1]), դերասան, որը կատարում է վառ արտահայտված խոսքային, կենցաղային, արտաքին յուրահատկությամբ դերեր[1][2][3], ցայտուն արտահայտված ամպլուայով դերասան[4]։ Ըստ Բրիտանիկա հանագիտարանի՝ բնավորության դերասանը նա է, ով վառ դերեր է խաղում[5]։

18-րդ դարի ֆրանսիական թատրոնում կատակերգության, դրամայի, մելոդրամայի մեջ հանդես եկող խարակտերային և կիսախարակտերային (ֆր.՝ demi-caractère) դերասանին որոշակիորեն տարբերում էին ողբերգության դերասանից, որի խաղը կրում էր վերկենցաղային բարձրաշունչ բնույթ։ 19-րդ դարի կեսերից բեմական արվեստում ռեալիստական սկզբունքների հաստատումն առաջադրեց գործող անձի բնավորությունը բացահայտելու պահանջ՝ անկախ պիեսի ժանրից։ Նախահեղափոխական թատրոնում ամպլուայի տարբերակումները հաստատապես մտել էին թատերական կենցաղի մեջ, առանձնապես շեշտվում էին խարակտերային դերասանի և ոչ խարակտերային (հերոս, սիրահար-հերոս և այլն) դերասանի հատկանիշները։ Ժամանակակից թատրոնում նման տարբերակումներն արվում են այս կամ այն դերասանի բնորոշ կողմը, գերիշխող հատկությունն ընդգծելու համար[6]։

Copyright